Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հերմինե Նաղդալյան. Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում

Հերմինե Նաղդալյան. Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում
20.02.2017 | 15:29

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի ու նախորդող իրադարձությունների գնահատականը խնդրեցի տալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:


-Փետրվարի 20-ին ԼՂՀ-ն անցկացնում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Նախօրեին հնչեցին հայտարարություններ, որ հանրաքվեն ԼՂՀ կարգավիճակի վրա ազդել չի կարող ու չի ճանաչվի, այդպե՞ս է:
-Կարծում եմ՝ Ձեր ակնարկած հայտարարությունները դիվանագիտական արձագանքի սահմաններում են և հակասություններ չկան դրանց ու այսօր Արցախում անցկացվող հանրաքվեի բուն օրակարգի միջև: ԼՂՀ անկախությունը ընդունվել է 2,5 տասնամյակ առաջ՝ անկախության հանրաքվեում՝ Արցախի ժողովրդի իրավասու և ազատ կամահայտնությամբ: Այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը իր պատմական հայրենիքում ստեղծել է իր պետականությունն ու պաշտպանում է իր ազատությունն ու անվտանգությունը: Ձևավորվել են պետական կառավարման ինստիտուտները, և Արցախը վստահորեն առաջ է գնում ժողովրդավարության ճանապարհով՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան հանրային կյանք: Յուրաքանչյուր քայլ դեպի ժողովրդավարության խորացում, պետականության ամրապնդում վստահաբար քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, ուստի շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության ժողովրդին, որ այսօր նաև նշում է իր Վերածննդի տոնը, մաղթում եմ, որ շարունակի հաջողությամբ լուծել այն խնդիրները, որ առաջադրված են Սահմանադրության փոփոխությամբ:
-Հակառակ Ադրբեջանի շոուների՝ բազմաթիվ արտասահմանյան դիտորդներ են եկել սահմանադրական հանրաքվեի դիտարկման, Բաքվի «սև ցուցակը» չաշխատե՞ց:
-Այո, 100-ից ավելի արտասահմանյան դիտորդներ կան այսօր Արցախում
շուրջ երեք տասնյակ երկրներից: ՈՒ դա վկայում է, որ Ադրբեջանի շոուն հակառակն ապացուցեց՝ միջազգային հանրությանն ականատես դարձավ խոսքի ազատության բռնապետական ընկալման հետևանքներին: Օրերս իմ հյուրն էին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի չորս պատգամավորներ, որ ներկայացնում են խորհրդարանում բավական կշիռ ունեցող «Ազգային ճակատ» միավորումը, համանուն կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովի գլխավորությամբ: Մեկ տարի էլ չի անցել նրանց վերջին այցից՝ 2016-ի մայիսին նրանք Արցախում էին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, տեղում ծանոթանալու իրավիճակին: Այսօր մեր բուլղարացի գործընկերները նորից Արցախում են՝ ևս մեկ անգամ իրենց համերաշխությունը հայտնելու Արցախի ժողովրդին, աջակցելու ժողովրդավարության խորացման ու անկախության ճանաչման պայքարին: Այս անգամ ևս նրանց հետ են «Սկատ» հեռուստաընկերության լրագրողները, որ լուսաբանելու են հանրաքվեի ընթացքը և բուլղարացի պատգամավորների այցը: Իսկապես Բելառուս-Ադրբեջան հայտնի իրադարձությունների համապատկերում կարևոր է, որ Արցախի Հանրապետության հանրաքվեն դարձել է արտասահմանյան պետական, քաղաքական, մշակութային գործիչների, պատգամավորների, լրագրողների ուշադրության կենտրոն ու նրանց հոսքը Արցախ ոչ թե դադարեց, այլ բազմապատկվեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ